Encyclopedia

Իսահակ Նյուտոն

Անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան Իսահակ Նյուտոնը (25 դեկտեմբերի 1642թ. - 20 մարտի 1726/7թ.) ծնվել է ֆերմերի ընտանիքում: 1665թ. ավարտել է Քեմբրիջի համալսարանը բակալավրի գիտական աստիճանով:

1669-1701թթ. գլխավորել է այդ համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ամբիոնը: 1672թ. Նյուտոնն ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, 1703-23 թթ-ին՝ նախագահ: 1695թ.-ից եղել է դրամահատարանի տեսուչ, իսկ 1699թ.-ից՝ ցկյանս տնօրեն: Գիտության մեջ ունեցած խոշոր ներդրման համար 1705թ. նրան շնորհվել է ազնվականի տիտղոս (առաջին դեպքն էր գիտական վաստակի համար):

 

Մաթեմատիկական հետազոտությունների հիմնական մասը Նյուտոնը կատարել է ուսանողական տարիներին՝ 1664-66թթ.: Նա 23 տարեկանում մշակել է դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվը, ստացել ֆունկցիան շարքի վերածելու բանաձև (հետագայում կոչվել է Նյուտոն-Լայբնիցի բանաձև): Հայտնագործել է նաև տիեզերական ձգողականության օրենքը: 
 
Պրիզմայի օգնությամբ տարրալուծելով սպիտակ լույսը՝ Նյուտոնը բացահայտել է, որ այն 7 տարբեր գույների լույսերի խառնուրդ է: 1672թ. հրապարակած «Լույսի և գույների նոր տեսություն» աշխատությունում նա առաջադրել է լույսի մասնիկային տեսությունը և առաջարկել լույսի ալիքային ու մասնիկային պատկերացումները համատեղող գիտական վարկած: Նյուտոնն առաջինն է չափել նաև լուսային ալիքի երկարությունը:
 
1687թ. հրատարակած «Բնափիլիսոփայության մաթեմատիկական հիմունքները» հիմնարար աշխատությունում Նյուտոնը շարադրել է երկրային և երկնային մեխանիկայի մի կուռ համակարգ: Նա տվել է մատերիայի, շարժման քանակի և ուժերի սահմանումները, ձևակերպել նյութական մարմնի շարժման իր նշանավոր օրենքները, արտածել շարժման քանակի պահպանման օրենքը: Այդ աշխատությունում շարադրել է նաև ձգողականության տեսությունը, մշակել երկնային մարմինների շարժման օրենքները և այլն:
 
Աշխատելով լուծել որոշակի աստղագիտական խնդիրներ՝ Նյուտոնն առաջինն է կառուցել հայելային աստղադիտակ՝ ռեֆլեկտոր: Դրանով հետագայում աստղագետները հայտնաբերեցին գալակտիկաներն ու կարմիր շեղման երևույթը: Ընդհանրացնելով ֆիզիկայի և աստղագիտության բնագավառում իր կատարած հետազոտությունները՝ Նյուտոնն ստեղծել է տարածության և ժամանակի նոր պատկերացումներ, որոնք կազմում են դասական ֆիզիկայի հիմքը:
 
Ֆիզիկայում և մաթեմատիկայում լայնորեն հայտնի են նաև Նյուտոնի օղակներ, Նյուտոնի երկանդամ հասկացությունները: Նյուտոնի անունով են կոչվել խառնարաններ Լուսնի և Մարսի վրա, նրա պատկերով Անգլիայում հատվել է մետաղադրամ: Միավորների միջազգային համակարգում Նյուտոնի անունով՝ Նյուտոն (Ն) է կոչվել ուժի միավորը: 1 Ն այն ուժն  է, որը 1 կգ զանգվածով մարմնին ուժի ազդման ուղղությամբ հաղորդում է 1 մ/վ2 արագացում: 1Ն=1կգ . մ/վ2:
 
Անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս և աստղագետ Իսահակ Նյուտոնի շիրմաքարին գրված է. «Այստեղ հանգչում է սըր Իսահակ Նյուտոնը, ազնվական, ով գրեթե աստվածային բանականությամբ մաթեմատիկայի ջահով առաջինը բացահայտեց մոլորակների շարժումը, գիսավորների ուղիներն ու օվկիանոսների մակընթացությունները: Նա հետազոտեց լուսային ճառագայթների տարբերությունները և դրանցով դրսևորվող գույների տարբեր հատկությունները, որը մինչ այդ ոչ ոք չէր ենթադրել»:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.